22.02.2013|
00:33
Փետրվարի 18-ին կայացած նախագահի ընտրության քվեարկության արդյունքում ընդդիմադիր գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը շուրջ կես միլիոն ձայն հավաքեց` քվեների շուրջ 37 տոկոսը: Առաջին հայացքից, կես միլիոն ձայնը բավականին լուրջ արդյունք է Րաֆֆի Հովհաննիսյանի համար, քանզի մի քանի ամիս առաջ կայացած խորհրդարանական ընտրությունների շրջանում Հովհաննիսյանին հաջողվեց 5-6 տոկոս ձայն հավաքել: Միևնույն ժամանակ, փորձագիտական հանրությունը սկսել է քննարկել այն խնդիրը, որ Րաֆֆիի ստացած կես միլիոն ձայների հասցեատերը ոչ թե Րաֆֆին է եղել, այլ իշխանությունը, որին դեմ տրամադրված զանգվածը քվեարկել է հանուն Րաֆֆիի: ՈՒշագրավ է, որ ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների շրջանում ևս կես միլիոն ձայն հավաքեց, և ԲՀԿ-ական տարբեր տրամաչափի գործիչներ առիթը բաց չէին թողնում շահարկելու, «մատ թափ տալու», թե իրենց կուսակցությունը կես միլիոն ձայն է հավաքել, ուստի և իշխանությունը պարտավոր է իրենց հետ հաշվի նստել: